«Մենք գրում ենք կենդանի լեզվով» արհեստավարժության դասընթացներ
Կանանց Ռեսուրսային Կենտրոնը հրավիրում է մասնակցելու
«Մենք գրում ենք կենդանի լեզվով» արհեստավարժության դասընթացների
Հայերենը բարդ լեզու է, ու շատ գեղեցիկ, սակայն գրական եւ խոսակցական հայերենի այդքան տարբեր լինելու պատճառով գրականությունն ու կյանքը դարեր շարունակ տարբերվել ու առանձնացվել են իրարից։ Գրաբարն էլ է մի օր վերացել գրքերի էջերից, եւ գրականությունը դարձել է մատչելի ու հասկանալի շատ ավելի լայն մասսաների համար։ Պետք է մոտեցնել ապրելու ու գրելու լեզուները, գրել կենդանի լեզվով, դա անհրաժեշտ է, որպեսզի գրականությունը դադարի լինել կյանքից առանձնացված ու արհեստականորեն սրբատեղի դարձված, ու գուցե սկսի պտուղներ տալ, ի դեմս խաղաղացած հոգիների եւ սեքսուալ բավարարված երջանիկ ընտանիքների։
Առավել բարդ է գրել հեղինակին իր մասին անկեղծ' առանց րաֆինացնելու, հղկելու լեզուն, իսկ գրի ապաքինող հատկությունն անկեղծությունն է. թղթին տալով մեր ապրածը, մենք անալիզ ենք անում, նաեւ' ազատագրվում ենք: Շատ ավելի բարդ է դա անել հայ կնոջը, որի վզին փաթաթված է հայահոտի ավանդապահութունը, կեղծ հասարակական բարոյական նորմերով զոմբիացված է գիտակցությունը, սահմանափակված ազատությունները:
Այս սեմինարի ընթացքում փորձ կարվի հայ կնոջը ստիպել հանել պահարանից իր ցանկասիրությունն ու սեքսուալությունը, լինել ազատ, բացահայտվել ինքն իր առջեւ, պարզել իր ով լինելը, գրել ամենախուլ «ամոթների», ամենաթաքուն ցանկությունների, կյանքում տեղ գտած բռնությունների, հասարակության ու ընտանիքի կողմից ստացած բարոյահոգեբանական ճնշումների եւ այլ կանացի պրոբլեմների ու նրբությունների մասին ազատ, անկեղծ' այսօրվա հայի ապրելու' կենդանի լեզվով:
Թող ձեր միտքը դուրս գա ճղճիմ կենցաղային ամոթի ու մեղքի սահմաններից ու ճախրի ազատ թռիչքի մեջ:
Հանդիպումները տեղի կունենան շաբաթական մեկ անգամ' 2 ժամ տևողությամբ: Լեզուն' հայերեն:
Դասընթացների ավարտին հույս ունենք ստանալ կանացի պատմությունների անթոլոգիա, որտեղ կընդգրկվեն լավագույն անկեղծ ստեղծագործությունները, իսկ դրանց հիման վրա կբեմադրվի «Կարմիր խնձոր» կանացի պատմությունների բեմադրությունը:
Մասնակցության համար պետք է նախապես գրանցվել:
Կանանց ռեսուրսային կենտրոն ՀԿ
Հեռախոս: +374-60-445626
Բջջային: +374-94-565626









